Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի պատվիրակությանը

հունվարի 21, 2013

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի՝ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ստոյանոգլոյի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումներին արագ արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն  վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով հունվարի 14-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար,  որի համակարգումն իրականացնելու է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

ՀՀ գլխավոր դատախազը հավաստել է, որ աշխատանքային խումբը գործելու է հրապարակային եւ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների եւ դրանց կապակցությամբ իրականացված քննության արդյունքների  մասին:
«Դատախազությունը վճռական ու պատրաստակամ է` հետամուտ լինելու հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը կարեւորել է նաեւ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ դրանց թվում ընդգծելով ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին հանրությանն իրազեկելը։