Հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի կունենա ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը
հոկտեմբերի 05, 2007
2007 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ մեկ տասնյակ հարց, որոնց թվում են՝ մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցության հարցը, հանցագործությունների գրանցման եւ վիճակագրության միասնական համակարգ մշակելու, ԱՊՀ անդամ-պետությունների տարածքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին վերաբերող կոորդինացիոն խորհրդի նախկինում ընդունած որոշումների կատարման ընթացքը:
ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհուրդը գործում է 1995 թվականից: Այն իր գործունեությունը կազմակերպում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում, դատախազական հսկողության բնագավառում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցությունը:
2000 թվականի հունվարի 25-ին, ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների որոշմամբ, կոորդինացիոն խորհրդին տրվել է միջպետական կառույցի կարգավիճակ, որի հիմնական խնդիրն է՝
նպաստել
- մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, օրինականության ամրապնդման եւ հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համատեղ եւ համագործակցված գործողությունների իրականացմանը,
- ազգային օրենսդրությունները միմյանց ավելի համահունչ դարձնելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
- ԱՊՀ օրենսդրական բազայի կատարելագործմանը: