Փոխըմբռման հուշագիր՝ Հայաստանի եւ Մոլդովայի գլխավոր դատախազությունների միջեւ
հունվարի 30, 2012
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ու Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հունվարի 29-ին Քիշնեւում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ Փոխըմբռման հուշագիր:
Կարեւորելով երկկողմ համագործակցության զարգացումը կազմակերպված եւ անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիայի և փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի կանխման և դրանց դեմ պայքարում՝ կողմերը պայմանավորվել են միմյանց ցուցաբերել իրավական օգնություն: Բացի այդ՝ կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ՝ փորձի փոխանակման եւ երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով:
Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հուշագիրը «երկխոսության եւ աջակցության գործոն» է անվանել, իսկ Մնացական Սարգսյանն ասել է, թե չնայած ԱՊՀ շրջանակներում հուշագրերի առկայությանը, երկկողմ փաստաթղթերի ստորագրումը նպաստում է հանցավորության դեմ պայքարում համագործակցության եւ փորձի փոխանակման արդյունավետության բարձրացմանը: